Թագուհի Զաբել Ռուբինյան և արքա Հեթում I
- TheCollectorHH

- Feb 1
- 4 min read
Նախաբան
Լևոն Առաջինը չուներ օրինական արու զավակ և հենց այստեղ սկսվում է իրական պայքար Կիլիկիայի հայոց թագավորության գահի և տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու համար։
Պայքար հանուն տարածաշրջանային գերիշխանության
Դեռևս 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։ Դրանից հետո Անտիոքի դուքսը ցանկացավ խարդախությամբ ձերբակալել Լևոնին։ Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, ու կանխեց Բոհեմունդին։ Լևոնը 1194 թվականին նրան հրավիրեց Կաստոն ամրոց, ձերբակալեց և տարավ Սիս։ Դուքսը Լևոնի հետ հաշտություն ստորագրեց, ճանաչեց նրա ավագությունը, վերադարձրեց Ռուբեն Գ-ի գերության ժամանակ Կիլիկիայից զավթած հողերը։ Պայմանագիրն ամրապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի ամուսնությամբ։ Ռայմոնդը, որպես պատանդ դաստիարակվելու էր Լևոնի արքունիքում և նրա գահը ժառանգելու էր Ալիսից ծնված որդին։ Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն ստեղծելու համար։
1201թ.-ից Լևոն I-ը խրվեց մի երկարատև հակամարտության մեջ՝ ամեն կերպ ջանալով իր զարմիկ Ռայմոնդ-Ռուբենին, որին վերջինս որդեգրել էր և տվել էր Կիլիկիայի և Անտիոքի գահերը ժառանգելու իրավունքը, հաստատել Անտիոքում։ Սա Անտիոքի իշխանապետությունը Կիլիկիայի թագավորությանը բռնակցելու մի ծրագիր էր, որին հասնելու համար իրականացված բոլոր փորձերը դիմադրության էին հանդիպում ֆրանկների և քաղաքի բնակչության մի մասի կողմից։ 1201թ. Լևոնը Ռուբենին դարձրեց գահակից կրտսեր-թագավոր, և միայն 1206-ին հաջողվեց գրավել Անտիոքն ու իշխանությունը հանձնել իր խնամարկյալին։
Դաշնակիցների և ժառանգի փնտրտուքներով
Նոր դաշնակիցներ ունենալու նպատակով Լևոնը խնամական կապեր հաստատեց մերձավոր քրիստոնեական պետությունների արքունիքների հետ։ 1209 թվականին իր եղբոր կրտսեր դստերը՝ Փիլիպպինեին, Լևոնը կնության տվեց Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիսին, 1210 թվականին ինքն ամուսնացավ Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստր Սիպիլի, իսկ Ռայմոնդ-Ռուբենը՝ Լուսինյան արքայատան մի ուրիշ դշխուհու՝ Հելվիսի հետ։ 1214 թվականին իր դուստր Ռիթա-Ստեփանիային Լևոնը ամուսնացրեց Երուսաղեմի ֆրանկական թագավոր Հովհան Բրիենի հետ։ Տարիներ անց տիրելով գահին՝ Ռայմոնդ-Ռուբենը փութաց ազատվել հայոց թագավորի հովանավորությունից՝ Կիլիկիայում իր գերիշխանությունը հաստատելու հեռահար նպատակներով։ Թեև Լևոնը արդեն գամված էր անկողնուն, սակայն, նույնպես չհապաղեց և, նրան զրկելով գահաժառանգի կարգավիճակից, ժառանգորդ հռչակեց իր դստերը՝ մանկահասակ Զաբելին (Զապել)։ 1218 թվականին Տավրոսում ռազմական դաշինք կնքելով Պտղոմայիդից հայրենիք վերադարձող Հունգարիայի Անդրեաս թագավորի հետ՝ Լևոնը իր դեռատի դստերը պսակեց նրա որդու հետ՝ խոստանալով նրան նշանակել Հայոց թագաժառանգ։
1219թ.-ին Լևոն Առաջինի մահից հետո հայոց գահին տիրելու գայթակղությունը համակեց շատերին։ Մինչ թագավորությունը կառավարվում էր դեռահաս թագուհու խնամակալների կողմից, մեկը մյուսի հետևից՝ թե´ երկրի ներսից, թե´ դրսից, ի հայտ էին գալիս գահին տիրանալու հավակնորդներ։ Իշխանության համար պայքարն ուղեկցվում էր անմիաբանությամբ, անօրինություններով ու ավերածություններով։ 1222թ.-ին Արքունի ատյանի որոշմամբ Զաբելին ամուսնացրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդ IV-ի որդի Ֆիլիպի հետ, բայց նոր թագավորը չգոհացրեց հայ իշխանների սպասելիքները, և 1225-ին նրան ձերբակալեցին ու սպանեցին։
Ռուբինյաններ և Հեթումյաններ
Ի վերջո, 1226թ.-ի հունիսի 14-ին, օգտագործելով իր ձեռքում կենտրոնացրած իշխանության լծակները, Լևոնի դստեր խնամակալ Կոստանդին Պայլը և Գունդստաբլը՝ բանակի գլխավոր հրամանատարը, ստացավ իշխանների համաձայնությունն իր որդի Հեթումին Զաբելի հետ ամուսնացնելու և հայոց թագավոր հռչակելու համար։ Այս ամուսնությունը Կիլիկիայի երկու ամենաազդեցիկ և միմյանց դեմ մշտապես անհաշտ պայքար մղող տոհմերին՝ Ռուբինյաններին և Հեթումյաններին միավորելու միտված կարևոր քայլ էր, որի գլխավոր նպատակը պետության ներսում կենտրոնացված իշխանության ուժեղացումն էր և միաբանության հաստատումը։ Պատահական չէ, որ կիլիկյան դրամաթողարկման մեջ միակ անգամ՝ Հեթում թագավորի անունով հատված արծաթե դրամների վրա, պատկերված ենք տեսնում նաև թագուհի Զաբելին՝ թագավորի կողքին ամբողջ հասակով կանգնած, երկուսով միևնույն երկարաձող խաչը բռնած։ Պատկերային այս ուղերձում ամփոփված էր Հեթումյանների կողմից իրենց իշխանության օրինականությունը և երկու տոհմերի միասնականությունը ցուցադրելու գաղափարը։ Արծաթե այս դրամները, պատկերագրորեն անփոփոխ կերպով, թողարկվել են անգամ Զաբելի մահից հետո (1252թ.)։
Զաբելը հմուտ է եղել ուսման և գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին Հեթումի հետ վերաշինել է տվել Անդուլ մենաստանը և դարձրել ամառանոց։ Սսում կառուցել է տվել Կաթողիկե և Սուրբ Մարինե եկեղեցիները, 1241 թվականին հիմնել է հիվանդանոց։ Զաբելը մահացել է 1252թ.-ի հունվարի 25-ին և թաղվել է Դրազարկի վանքում։
Հեթում Առաջինը Զաբելի մահից հետո կառավարեց ևս 17 տարի և շուրջ 43 տարվա գահակալումից հետո 1269թ.-ին գահը հանձնեց որդուն՝ Լևոն Երկրորդին և մտավ վանք, ուր և մահանում է 1970թ.-ի հոկտեմբերի 28-ին։ Հեթում Պատմիչը գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 801»։ (Հեթում Պատմիչի Հայոց թվարկության 801-ը համապատասխանում է Ք. ծ. 1270 թ.-ին)։
Հեթում Առաջինը թագավորում է 1226-1269 թվականներին, որը մի բարդ ժամանակաշրջան էր Կիլիկիայի հայոց թագավորության համար։ Հեթում Առաջինի գահակալության ընթացքում դիվանագիտական, ռազմական, տնտեսական ու մշակութային ասպարեզներում իրեն դրսևորեց որպես լայնախոհ և օրհասական պահերին պետության շահերից ելնող իմաստուն վճիռներ կայացնելու կարողությամբ օժտված մեծ գործիչ։ Դրա վառ դրսևորումներից մեկը դարձավ կենտրոնական Ասիայի տափաստաններից հայտնված նոր ահարկու ուժի՝ մոնղոլների հետ կնքած նրա դաշինքը, իսկ դրանից առաջ՝ Ռումի սուլթանի՝ ձևական բնույթ կրող ենթակայի կարգավիճակը, որը Կիլիկիային տասնութ տարի պաշտպանեց հյուսիսային հարևանի ավերիչ ներխուժումներից։ Թեև մոնղոլ խանի հետ նրա հարաբերությունները նույնպես ենթադրում էին վասալական կախվածություն, բայց դրանք ոչ միայն փրկեցին հայոց թագավորությունն անխուսափելի կործանումից, այլև բարձրացրեցին երկրի կշիռն ու հեղինակությունը ողջ տարածաշրջանում ու նրանից դուրս։ Հեթումի այս և մյուս արժանիքները նկատի ունենալով՝ ֆրանսիացի պատմաբան Ռ. Գրուսեն գրել է. «Պատմությունը պարտավոր է նրան մեծարել որպես միջնադարի ամենապայծառ և ամենազորեղ քաղաքական հանճարներից մեկին»։

Դիմերես։ Զաբել թագուհին եւ Հեթում թագավորը երկարաձող խաչ բռնած, հայերեն մակագրություն ՝ ԿԱՐՈՂՈՒԹԲՆՆ ԱՅԵ (Կարողությամբ Աստծո)
Դարձերես։ պատկերված է խաչակիր առյուծ, դեպի աջ, հայերեն մակագրություն՝ ՀԵԹՈՒՄ ԹԱԳԱԻՈՐ ՀԱՅՈՑ (Հեթում թագավոր հայոց)
Մետաղը՝ արծաթ,
Դրամական միավորը՝ դրամ,
Դրամահատարանը՝ Սիս մայրաքաղաք։



Comments