Արքա Լևոն I Ռուբինյան
- TheCollectorHH

- Feb 1
- 3 min read
Նախաբան
Կիլիկիայում Ռուբինյանների իշխանության սկիզբ է համարվում մոտավորապես 1080թ.-ը։ Դրան նախորդող տարում սպանվում է 1045 թվականից Կեսարիա տեղափոխված Անիի Բագրատունիներից վերջինը՝ Գագիկ II թագավորը։ Թագավորի մահից հետո, նրա շուրջը համախմբված իշխանները ցրվում են տարբեր կողմեր, որոնցից մի քանիսն ուղևորվում են Կիլիկիա։ Գագիկ Երկրորդ արքայի մերձավորներից էր Ռուբենը։ Առաջին Ռուբինյաններին հաջողվում է զենքի ուժով տիրանալ Տավրոս լեռներում գտնվող մի քանի ամրոցների։ Հետագայում, գործի դնելով բոլոր հնարավոր միջոցները, նրանք հույներից, թուրքերից և խաչակիրներից աստիճանաբար նվաճեցին Լեռնային Կիլիկիայի բերդերն ու Դաշտային Կիլիկիայի քաղաքները և ստեղծեցին իշխանապետություն։
Լոռու թագավոր Կյուրիկե II-ից հետո, Ռուբինյան իշխանները հաջորդն էին, որ թողարկեցին հայերեն գրերով դրամներ։
Իշխանապետությունից՝ Թագավորություն
Հայկական Կիլիկիայի իշխանապետության վերջին իշխանի՝ Լևոն II-ի գահակալման շրջանը սկսվել 1187թ.-ից (1187-1198թթ. որպես իշխան), իսկ 1198թ.-ի հունվարի 6-ին օծվել է որպես ամենայն հայոց թագավոր (1198-1219թթ. որպես արքա)։ Լևոն II իշխանը, իր նախորդների պես, թողարկեց միայն պղնձե դրամներ՝ ԼԵՎՈՆ ԾԱՌԱ ԱՅ / ՈՐԴԻ ՍՏԵՖԱՆԷԻ գրությամբ (Լևոն Աստծո ծառա / Ստեփանի որդի)։
Լևոն II իշխանը ճիշտ գնահատեց XII դ. վերջին ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ի շահ Կիլիկիայում հայկական պետականության ամրապնդման, զորեղացման և կարգավիճակի բարձրացման համար օգտագործելու հնարավորությունները։ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189-1192թթ.) նախաշեմին Լևոն իշխանն իր ռազմական նվաճումներով ու եռանդուն դիվանագիտական նախաձեռնություններով վաստակեց Հռոմի պապի և Սրբազան Հռոմեական կայսեր համակրանքը, որոնք ևս վստահելի դաշնակցի կարիք ունեին իրենց արևելյան քաղաքականությունն առաջ տանելու համար։ Սկզբում Կլեմենտիոս III պապի և Ֆրիդրիխ Շիկամորուս կայսրի, ապա՝ Կելեստինոս III պապի և Հայնրիխ VI կայսրի հետ հայ իշխանի վարած բանակցությունները հանգեցրին բաղձալի նպատակին, այն է՝ հայոց թագավորության վերածննդին և որոշվեց Լևոնի պետությունը բարձրացնել արևելյան եվրոպական թագավորության աստիճանի։ 1198թ.-ի հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա մայր տաճարում, կիլիկյան իշխանների ու հոգևորականների, տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատի հայկական ծեսով, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախի լատինական ծեսով Լևոն իշխանն օծվեց “Rex Omnium Armenorum” Թագավոր Ամենայն Հայոց, պսակվեց կայսր Հայնրիխ VI-ի ուղարկած արքայական թագով ու նրան հանձնվեցին թագավորական իշխանության խորհրդանշաններ հանդիսացող խաչակիր գունդը և շուշանագլուխ գայիսոնը (տես դրամի դիմերեսին)։ “Rex”-ը Արևմտյան երկրների թագավորների տիտղոսն էր, որը և ստանում է Լևոնը ու պահանջում, որ արձանագրություններում տիտղոսը գրեն լատիներեն “Rex”, որովհետև հայերեն թագավոր բառը չի արտահայտում այդ տիտղոսը “Rex”-ը, որը կայսրից հետո ամենաբարձր սուվերեն տիտղոսն էր։
Արքա Լևոն Առաջին Ռուբինյանի արծաթե դրամը
Լևանտի երկրներում (Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածի երկրների ընդհանուր անվանումը) Լևոնն առաջինն էր, որ դրամների վրա տեղադրեց իր պատկերը։ Լևոնն առաջինն էր նաև, որ դրամների վրա տեղադրեց «թագաւոր … կարողութեամբն Աստուծոյ» բանաձևը։ Այն ճշտորեն համապատասխանում էր «Dei gratia rex …» բանաձևին (անգլ․։ By The Grace of God, King, ռուս․։ Божьей милостью, король), որը, մինչև Լևոնը, կիրառվում էր միայն կնիքների վրա, այդ թվում՝ Երուսաղեմում։ Արծաթե դրամների դարձերեսի զինանշանային հորինվածքներում Լևոնը համարձակորեն ու հմտորեն համատեղեց Աստծո Գառան, առյուծի՝ ուժի ու հզորության խորհրդանիշ հանդիսացող կենդանու և իր անունն ակնարկող խորհրդաբանությունը։ Այդ հորինվածքների գաղափարական առանցքը կրկնաթև խաչն էր՝ Քրիստոսի խաչելության իրական, ճշմարիտ խաչը, քրիստոնյաների գլխավոր սուրբ մասունքը, հաղթանակի ու փրկության «զենքը»։
1198-ին, երբ Լևոնն օծվեց հայոց թագավոր, քրիստոնեական գլխավոր սրբավայրը՝ Տիրոջ գերեզմանը Երուսաղեմում, ինչպես նաև Ճշմարիտ Խաչը՝ Քրիստոսի խաչելության խորհրդանշանը, դարձյալ գտնվում էր «գերության մեջ»։ Դեռևս իր իշխանական շրջանի դրամների վրա Լևոնն իրեն հայտարարում էր Քրիստոսի ծառա։ Ավելի ուշ, իր ոսկյա կնիքի վրա արձանագրում է, որ թագավոր է դարձել Քրիստոսի կամքով՝ ԼԵՈՆ ՀՔԵԱՅ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ, իսկ թագավորական դրամների պատկերագրության մեջ արտացոլում է Քրիստոսի խաչը կրելու, Նրան նմանվելու, ծառայելու, Նրանով զորանալու ու հաղթանակելու գաղափարաբանությունը։
Արծաթե դրամների դարձերեսի մյուս հորինվածքի բաղադրիչները կրկին Ճշմարիտ Խաչը և առյուծն են։ Կենտրոնում՝ վեր հառնող խաչն է։ Երկու առյուծ կանգնած են թիկունքով դեպի խաչը, առջևի ոտքերն առաջ պարզած, բայց գլուխները շրջած այնպես, որ նրանց հայացքներն ուղղված են խաչին, որը հավատքի և զորության աղբյուրն է, իսկ մարմնով ուղղված են դեպի դուրս՝ իրենց ֆիզիկական ահարկու ուժով խաչը թշնամիներից պաշտպանելու պատրաստ կեցվածքով։
Լևոն Առաջինը մահացավ 1219թ.-ին։ Իր կտակի համաձայն մարմինը ամփոփվեց Սիսում, իսկ սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում։

Դիմերես։ Դիմերեսին պատկերված է Լևոն I-ին Մեծագործը առյուծազարդ գահին նստած, ոտքերը դրված պատվանդանին, խաչակիր գունդը աջ, իսկ շուշանագլուխ գայիսոնը՝ ձախ ձեռքին, հայերեն մակագրություն՝ ԼԵՒՈՆ ԹԱԳԱՒՈՐ ՀԱՅՈՑ (Լևոն թագավոր հայոց)
Դարձերես։ Ճշմարիտ Խաչը երկու թագակիր առյուծների միջև, մակագրություն՝ ԿԱՐՈՂՈԻԹԲՆ ԱՍՏՈԻԾՈՅ (Կարողությամբ Աստծո)
Մետաղը՝ արծաթ,
Դրամական միավորը՝ դրամ,
Դրամահատարանը՝ Սիս մայրաքաղաք։
Հ․Գ․ «Ճշմարիտ Խաչ» - 1187 թվականին, Հաթինի ճակատամարտում խաչակիրների կրած պարտությունից հետո, Խաչն անհետացավ, իսկ նրա հետ կապված հետագա պատմություններն անորոշ են ու հակասական։ Սուրբ Խաչի կորուստը Երուսաղեմի թագավորությունում և աշխարհի բոլոր քրիստոնյաների կողմից ընկալվել է որպես մեծագույն աղետ։ Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակագիրների և Սալահ ադ-Դինի կենսագիրների վկայությամբ՝ խաչակիրների և քրիստոնյա այլ պետությունների առաջնորդները ջանքեր էին գործադրում այն վերադարձնելու կամ վերագտնելու համար: Այս դրվագը ներկայացված է նաև Օրլանդո Բլումի Kingdom of Heaven ֆիլմում։



Comments